Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ռուդիկ Յարալյան
  • Իրանում ներքաղաքական մթնոլորտը «շիկացել է» այն բանից հետո, երբ Իսլամական վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ, Փորձագետների խորհրդի անդամ և ԻԻՀ նախկին նախագահ (1989-1997 թթ.) այաթոլլահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին իր թվիթերյան էջին հետևյալ գրառումն է կատարել. «Վաղվա աշխարհը ոչ թե հրթիռների, այլ երկխոսության աշխարհ է...»: Պահպանողական քաղաքական թևին հարող իրանական լրատվական ռեսուրսներն անմիջապես քննադատության թիրախ են դարձրել այաթոլլահ Ռաֆսանջանիին, իսկ այսօր էլ վերջինս խստագույն որակումներով անուղղակի քննադատության է ենթարկվել անձամբ ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի կողմից, որը նշել է. «Այն, որ ասում են, թե վաղվա աշխարհը հրթիռների աշխարհ չէ, այլ երկխոսության, կարող է երկու բացատրություն ունենալ՝ կամ տվյալ անձն անիրազեկ է աշխարհի անցուդարձից կամ իրազեկ է և դավաճան: Ի՞նչ օգուտ նրանից, որ Իրանի իսլամական կառավարման համակարգն իր գլխավոր նպատակը դարձնի տեխնոլոգիաների զարգացումն ու աշխարհի հետ երկխոսությունը՝ առանց մտածելու պաշտպանական ներուժի մեծացման մասին. պարզից էլ պարզ է, որ յուրաքանչյուր արտաքին սպառնալիքի առջև միայն նահանջելու ենք»: Շատ ծանոթ իրավիճակ է, որն Իրանում հաճախ է կրկնվել այն պահերին, երբ անհրաժեշտ է եղել շեղել ներքին որոշ ուժերի, իսկ ավելի շատ արտաքին խաղացողների ուշադրությունն այլ խնդիրներից: Այաթոլլահ Ռաֆսանջանին ԻԻՀ ակունքներում կանգնած ամենահեղինակավոր դեմքերից և ռահբարի մերձավորներից է, որը չի խորշել ժամանակ առ ժամանակ իր անձը քննարկումների առարկա դարձնել: Բայց ամեն անգամ «կախարդական փայտիկի» միջոցով նրան առնչվող տարաձայնությունները հաղթահարվել են, և Ռաֆսանջանին շարունակել է վայելել իր հեղինակավոր դիրքը պետական կառավարման համակարգում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/1036119663138569?notif_t=close_friend_activity¬if_id=145935149780 ...

    Կարդալ ավելին
  • Իրանի նկատմամբ գործադրված պատժամիջոցների չեղարկումից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն արտասահմանյան բանկերը դեռևս չեն շտապում ստանձնել դեպի Իրան և Իրանից դուրս դրամական փոխանցումներ կատարելու հանձնառությունը: Ստեղծված իրավիճակը որոշակի դժգոհություն է առաջացրել իրանական գործարար շրջանակների մոտ: Նույնիսկ եվրոպական այն բանկերը, որոնք պատժամիջոցների տարիներին շեղվել էին սահմանափակումների քաղաքականությունից և տույժի էին ենթարկվել ԱՄՆ կողմից, այժմ խուսափում են ԻԻՀ հետ գործարքներ իրականացնել, թեև դրա համար էական սահմանափակումներ այլևս չկան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/1030106810406521 ...

    Կարդալ ավելին
  • ԻԻՀ-ում հորդորում են սեփական քաղաքացիներին որևէ պարագայում, այդ թվում հանգստանալու, Նոուռուզի տոնը նշելու կամ այլ նպատակներով, չմեկնել Թուրքիա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Իրանի իշխանություններն ԻԻՀ քաղաքացիներին խորհուրդ են տալիս չխաբնվել առաջարկվող ցածր գներին և զբոսաշրջային ընկերությունների այն գովազդին, համաձայն որի՝ Թուրքիայի բոլոր հատվածներում անվտանգ է՝ բացառությամբ Անկարայի և Ստամբուլի. Թուրքիայի որևէ շրջան իրականում անվտանգ չէ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/1023868621030340?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Միշտ չի, որ խորաթափանց հայացքի մեջ խելքի նշույլներ կարելի է հայտնաբերել: Այս թավրիզաբնակ իրանցի կինոբեմադրիչը, որի անունն է Մոհսեն Հադի, պատրաստվում է Ղարաբաղի վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարահանել՝ «Ճանապարհ դեպի Ղարաբաղ» վերնագրով: Որպեսզի մանրամասների մեջ շատ չխորանանք, ուղղակի արձանագրենք, որ ֆիլմում, մեղմ ասած, աղճատված է ներկայացվելու ողջ իրականությունը: Կասկածից վեր է, որ սա ադրբեջանական պատվեր է կատարում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/1019161148167754 ...

    Կարդալ ավելին
  • Չկա որևէ հստակ չափում, որով կարելի լիներ ամրագրել բարեփոխականների կամ պահպանողականների անվիճելի հաղթանակն ԻԻՀ-ի մեջլիսի և փորձագետների խորհրդի ընտրություններում: Այդուհանդերձ, հաշվի առնելով ընտրված թեկնածուների ճնշող մեծամասնության «պահպանողական» անցյալը՝ կարելի է ենթադրել, որ նորընտիր խորհրդարանում և փորձագետների խորհրդում պահպանողականների ազդեցությունը մեծ է լինելու: Կարևորը, սակայն, այն հարցն է, թե արդյոք Իրանն ընտրություններից հետո նահանջ կգրանցի որդեգրած քաղաքական ուղղություններում, թե ոչ: Փորձը ցույց է տալիս, որ անկախ այն իրողությունից, թե Իրանում կառավարությունը վայելում կամ չի վայելում խորհրդարանի աջակցությունը, կարողանում է աշխատել և իրականացնել այն ծրագրերը, որոնց հետամուտ է լինում: Հիմա հաշվի առնելով խորհրդարան անցած ուժերի հարաբերակցությունը՝ ասել, թե նորընտիր խորհրդարանը բացարձակապես չի աջակցելու նախագահին, սխալ կլինի, իսկ հակառակը մոտեցումն էլ խիստ հարաբերական է: Ասել կուզի, Իրանի գործող կառավարությունը շարունակելու է աշխատել այնպես, ինչպես աշխատել է ցայժմ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/1014797525270783 ...

    Կարդալ ավելին
  • Փետրվարի 26-ին ԻԻՀ-ում տեղի են ունենալու Մեջլիսի և Բանիմացների խորհրդի ընտրությունները, որոնք թեև ունեն կարևոր նշանակություն, քանի որ առաջինը երկրի օրենսդիր, իսկ երկրորդը գերագույն հոգևոր առաջնորդին ընտրող մարմիններն են, սակայն նախընտրական ողջ գործընթացին հետևելուց հետո կարելի է ենթադրել, որ թյուր են այն մոտեցումները, որոնք հիմնված են ընտրությունների արդյունքում սպասվող համակարգային փոփոխությունների տրամաբանության վրա: Իրանի կառավարման համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ ընտրությունների անցանկալի հետևանքները կանխվում են նախքան ընտրությունները, ուստի այդ երկրի ներքին և արտաքին ռազմավարություն մշակողների և իրականացնողների համար ընտրություններն անակնկալներ, որպես կանոն, չեն մատուցում: Այս անգամ ևս նախընտրական գործընթացներն անցան Իրանում հարաբերական հարթ, առանց ավելորդ լարվածության, հանգիստ մերժվեցին այն թեկնածությունները, որոնք հակասում են իսլամական կառավարման սկզբունքներին և չափորոշիչներին: Քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ ստանձնած Սահմանադրությունը պահպանողների խորհուրդը հիմնականում մերժեց բարեփոխական թևը ներկայացնողների թեկնածությունները, դա ստեղծեց պատրանք առ այն, որ բարեփոխականները ցանկանում են համակարգային փոփոխություններ, որին ընդդիմանում են պահպանողականները՝ մոռանալով, որ ի դեմս բարեփոխականների՝ գործ ունենք ոչ թե արևմտյան լիբերալ-ազատական հայացքների տեր քաղաքական միավորի, այլ ուժի հետ, որը ծնունդ է իսլամական կառավարման համակարգի: Իսլամական կառավարման համակարգն Իրանում կայացել և գոյատևել է պահպանողական գաղափարախոսության շնորհիվ, որին որպես այլընտրանք և լրացնող՝ ներկայացել է չափավոր ազատական բարեփոխական գաղափարախոսությունը: Վերջինս, եթե վերահսկելիության տիրույթում է, ապա ոչ միայն կարող է, այլ պետք է գոյություն ունենա, քանի որ նրա առաջարկած այլընտրանքային ուղիները երբեմն շատ արդյունավետ են լինում ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Օրինակ՝ 2013 թ. նախագահական ընտրություններից հետո մենք տեսանք, թե Իրանի բարեփոխական կառավարությունն ինչպիսի շոշափելի արդյունքներ գրանցեց ԻԻՀ-ի միջուկային հիմնախնդրի լուծման հարցում: Նախընտրական շրջանում ընտրացուցակների զտումները պայմանավորված էին այն հանգամանքով, որ բացառվի իսլամական կառավարման համակարգի համար վտանգ ներկայացնող մարդկանց մուտքը խորհրդարան և Բանիմացների խորհուրդ՝ անկախ նրանց այս կամ այն թևին հարելու իրողությունից: Այն, որ ասվում է, թե իբր 6230 մեջլիսի պատգամավորի թեկնածուների մեջ զտումների հետևանքով մնացել է միայն 70 բարեփոխական, արվում է ինչ-ինչ քարոզչական նպատակներով: Պահպանողական և բարեփոխական լինելու հարցը չի կարգավորվում օրենքով, չկան կուսակցություններ և կուսակցական բաժանում, հետևաբար մարդը կարող է մի օր ներկայանալ որպես բարեփոխական, հաջորդ օրը պահպանողական կամ զբաղեցնի դրանց միջև միջանկյալ դիրք՝ ապակողմնորոշման պատճառ դառնալով: Նկատենք նաև, որ գործող նախագահ Հ. Ռուհանին նախքան նախագահ դառնալն առավելապես ճանաչված է եղել որպես պահպանողական գործիչ, իսկ ռահբարը նախքան 1989 թ., երբ դարձավ գերագույն հոգևոր առաջնորդ, գերազանցապես բարեփոխական հայացքներ է ունեցել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/1010129132404289 ...

    Կարդալ ավելին
  • Մերձավորարևելյան հարցերով իրանցի փորձագետ Մասուդ Ասադոլլահի. «Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու Սաուդյան Արաբիայի նոր որոշումը կայացվել է Հալեպի հյուսիսում ընթացող գործողություններում արձանագրված լուրջ փոփոխություններից հետո, որոնց արդյունքում ազատագրվեցին Նուբոլը, Ալ-Զահրան և մինչև Թուրքիայի սահմանն ընկած սիրիական տարածքները: Դա իրականում ծանր հարված էր Կատար-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքի համար, որը փորձում է ընդդիմանալ իրեն անցանկալի զարգացումներին: Փաստորեն, այդ երկրներն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով փորձում են զորքեր մտցնել Սիրիա այն ժամանակ, երբ դրա կարիքը, գոնե այս պահին, չկա: Ըստ այդմ՝ կարելի է հաստատապես ասել, որ նրանց հայտարարությունները կեղծ են և նպատակ են հետապնդում կասեցնելու սիրիական բանակի առաջխաղացումը: Սաուդյան Արաբիան այնքան անկարող պետություն է, որ ի վիճակի չէ նույնիսկ թույլ պետություններում, ինչպիսին օրինակ սահմանակից Եմենն է, հարցեր լուծել, ինչպե՞ս է պատրաստվում հեռավոր Սիրիայում արդյունավետ գործողություններ իրականացնել: ԱՄՆ-ն, իր հերթին, ողջունում է Սաուդյան Արաբիայի այդ նախաձեռնությունը, քանի որ ցանկանում է Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական պայքարը թուրքերի և սաուդցիների միջոցով փոխակերպել սուննի-շիա կրոնադավանական հակամարտության: Եթե Սաուդյան Արաբիան նոր ճակատ բացի Սիրիայում, ապա դա հօգուտ ամերիկյան զենքի վաճառքի կլինի, քանի որ սաուդցիներն ստիպված պետք է միլիարդավոր դոլարներ ծախսեն ամերիկյան նոր զինատեսակներ գնելու նպատակով: Եթե Թուրքիան և Սաուդյան Արաբիան ցամաքային զորքեր մտցնեն Սիրիա, ապա նրանց առճակատումը ռուս-իրանական ուժերի հետ անխուսափելի կլինի: Ռուսաստանը վճռական է տրամադրված սկսած գործը շարունակելու հարցում, իսկ Իրանը չի պատրաստվում զրոյացնել վերջին ժամանակաշրջանի իր աշխարհաքաղաքական ձեռքբերումները»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/1001434999940369 ...

    Կարդալ ավելին
  • Պատժամիջոցների վերացման հարցում հասնելով շոշափելի արդյունքների՝ ԻԻՀ-ն անցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլի իրականացմանը: Եվրոպայից Իրան են ժամանում (և հակառակը) ինչպես պետական պաշտոնյաներ և պատվիրակություններ, այնպես էլ մասնագիտական խմբեր, առանձին փորձագետներ: Վերջիններիս առաջ խնդիր է դրված վերլուծել և վերանայել ԻԻՀ-ԵՄ հարաբերությունների բովանդակությունը՝ հստակ գնահատելով բոլոր ռիսկերն ու հնարավորությունները: Այդ նպատակով ներկայումս Իրանում է գտնվում Հռոմի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, Իսլամական ուսումնասիրությունների և միջազգային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ռաֆայել Մարիլլոն: Նա հանդիպել է Թեհրանի համալսարանի դասախոս, եվրոպական ուսումնասիրությունների գծով ավագ փորձագետ Սայիդ Խալուզադեի հետ: Համատեղ քննարկումների ընթացքում առանձնացվել են ԻԻՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հետևյալ խնդիրները. 1. ԵՄ-ն Իրանում չունի պաշտոնական ներկայացուցչություն, ուստի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ Թեհրան կատարելիք առաջիկա այցի ընթացքում պետք է քննարկվի Իրանում ԵՄ ներկայացուցչական գրասենյակ բացելու հարցը: 2. ԵՄ քաղաքականությունն ԻԻՀ նկատմամբ ցայժմ դուրս չի եկել անվտանգությանն առնչվող խնդիրների շրջանակից, ուստի հարկավոր է փոխել փոխհարաբերությունների զարգացման տրամաբանությունը՝ առաջնահերթ կարևորելով տնտեսական գործոնը: 3. ԵՄ-ի համար էներգետիկ ռեսուրսների կարևոր աղբյուր են դիտարկվում ՌԴ-ը և ԻՀՀ-ը, այդ համատեքստում վերջիններս մրցակից պետություններ են, ուստի հարկավոր է մշակել փոխհարաբերությունների՝ բոլոր կողմերի համար ընդունելի չափորոշիչներ: 4. Ուկրաինան ճգնաժամի մեջ է, ուստի ակնկալվում է, որ մոտ ապագայում Եվրոպային գազ մատակարարող հիմնական երկրի դերը կստանձնի Իրանը: 5. ԵՄ-ն ի վիճակի է, ԻԻՀ իշխանությունների հետ համագործակցելով, լուծել Իրանին հուզող բնապահպանական խնդիրները: 6. ԵՄ-ԻԻՀ հարաբերություններին խոչընդոտող հանգամանք է Իրանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չլինելը, խնդիր, որը հարկավոր է առաջիկայում լուծել: 7. Զբոսաշրջության ներուժն ԻԻՀ-ԵՄ հարաբերություններում չափազանց մեծ է, ուստի իրանական կողմը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի եվրոպացի զբոսաշրջիկների համար Իրանում հատուկ պայմաններ ստեղծելու հարցը: 8. ԻԻՀ-ը և ԵՄ-ը կարող են և պետք է զարգացնեն համագործակցությունն Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի տեղաշարժը բացառելու ուղղությամբ: 9. ԻԻՀ-ը և ԵՄ-ը պետք է լուրջ աշխատանքներ կատարեն հասարակական շերտերում միմյանց նկատմամբ դրական կարծիք ձևավորելու ուղղությամբ՝ չմոռանալով, օրինակ, այն, որ Եվրոպայում 2013թ. անցկացված հարցումների համաձայն՝ 10 մարդուց 8-ը բացասական է արտահայտվել Իրանի վերաբերյալ: 10. Մարդու իրավունքների խնդիրը շարունակում է մնալ ԻԻՀ-ԵՄ հարաբերությունների ամենացավոտ հարցերից մեկը, որի լուծմանն առաջիկայում հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել, եթե կողմերը ցանկանում են փոխմբռնման և վստահության վրա հիմնված հարաբերություններ զարգացնել: 11. Շիայական Իրանն իրեն ավելի մոտ է համարում քրիստոնյա Եվրոպային, քան սուննիական արաբական «աշխարհին», ուստի ԻԻՀ նախագահ Հ. Ռուհանիի հանդիպումը Հռոմի պապին ունի առանձնահատուկ կարևորություն: 12. ԻԻՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը կարող է նվազեցնել Սաուդյան Արաբիայի՝ Մերձավորարևելյան գործընթացներին մասնակցության չափաբաժինը, որը կբխի տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման շահերից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/999413660142503 ...

    Կարդալ ավելին
  • Որքան էլ մեծ է Իրանում տնտեսական պատժամիջոցների կասեցման ոգևորությունը, իրանցիք չեն կորցնում իրենց զգոնությունը և մտածում են բնապահպանական խնդիրների մասին: Թեհրանում օդի աղտոտվածության խնդիրը հայտնվել է լրատվական կայքերի կարևորագույն լուրերի շարքում: Իրանում Վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին այդ կապակցությամբ հայտարարել է, որ անհրաժեշտ է բենզինով աշխատող ավտոմեքենաները փոխարինել էլեկտրաէներգիայով լիցքավորվողներով: Ըստ նրա՝ «մեծ ողբերգություն» չի լինի, եթե վարորդները 170 կմ/ժ-ի փոխարեն սկսեն երթևեկել 40-50 կմ/ժ արագությամբ: Եվ սա ասում է մի երկրի բարձրաստիճան պաշտոնյա, որտեղ նավթը և նավթամթերքը հսկայական եկամուտներ են ապահովում: Գուցե կարելի է կարծել ԻԻՀ հոգևոր-քաղաքական վերնախավը «գժվել» է, որ հրաժարվում է այդ եկամուտներից, բայց ստացվում է «գժվել» են բոլոր նրանք, ովքեր անտեսելով էկոլոգիական խնդիրները՝ մտածում են միայն սեփական գրպանի ծանրության մասին: Մյուս կողմից, դա հերթական վկայությունն է այն բանի, որ ԻԻՀ-ը չի փորձելու բացառապես նավթի վրա հիմնված տնտեսական քաղաքականություն ծավալել: Ճիշտ մտածելակերպ, որը ցայժմ հասու չի եղել հարևան Ադրբեջանին՝ կանգնեցնելով վերջինիս լրջագույն խնդիրների առաջ՝ կապված նավթի գնի տատանումների և մոտ ապագայում այդ երկրի նավթային պաշարները վերջանալու վերաբերյալ հիմնավոր կանխատեսումների հետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/990968920986977 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի օրից նախատեսվում է ԻԻՀ նկատմամբ տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցների վերացում: Մի կողմ թողնելով դրա տարածաշրջանային կարևորության շուրջ քննարկումները, որոնց հիմքում ԻԻՀ ռազմաքաղաքական և տնտեսական աննախադեպ լրջության խաղացող դառնալու և տարածաշրջանային գործընթացներում վճռորոշ ձայնի իրավունք ստանալու հեռանկարներն են՝ նկատենք, որ Թեհրանն «ստիպված» կլինի հիմնավորապես վերանայել իր տնտեսական քաղաքականությունը, որը հղի է ինչպես դրական արդյունքներով, այնպես էլ բացասական հետևանքներով: Դրականն այն է, որ կանխատեսվում է օտարերկրյա կապիտալի մուտք երկիր, ներդրումների աննախադեպ ակտիվացում, որոնք կուղղորդվեն տնտեսության տարբեր ոլորտներ, կապասառեցվի շուրջ 30 մլրդ (ԻԻՀ Կենտրոնական բանկի տվյալներով) դոլարին համարժեք դրամական միջոցները, որոնք կփոխանցվեն Իրան, կդադարեն ԻԻՀ կառավարության՝ պատժամիջոցների շրջանցման և տնտեսության զարգացման համար այլընտրանքային ուղիների փնտրտուքները, որոնց համար հսկայական մասշտաբներով «ավելորդ» ծախսեր են կատարվել, ԻԻՀ-ը հնարավորություն կստանա իր նավթի վաճառքն իրականացնել համաշխարհային շուկայական գներից տարբերվող ինքնարժեքով. ցայժմ Թեհրանը զրկված է եղել այդ հնարավորությունից, քանի որ պատժամիջոցների շրջանցման նպատակով հարկադրված է եղել համակերպվել «խաղի ընդհանուր կանոններին»: Բացասականն այն է, որ տնտեսության աշխուժացումը, դրսից կապիտալի մեծ հոսքը երկիր կարող է չնպատակաուղղվել սեփական արտադրության խթանմանը, և հայրենական արտադրողները կհայտնվեն լուսանցքից դուրս: Դժվարությամբ, սակայն ԻԻՀ հոգևոր քաղաքական վերնախավը կարողացել էր որոշակի հաջողություններ գրանցել ինքնաբավ տնտեսական քաղաքականություն զարգացնելու հարցում, այժմ կլինի միանգամայն այլ իրավիճակ, երբ «որոշումներ» կայացնելու իրավունք կտրվի նաև այն կապիտալին, որը մուտք կգործի Իրան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/988808454536357 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն