• Կոնստանտին Տեր-Նակալյան
  •   Իմ կարծիքով՝ երեկ սահմանին մեր զինվորի զոհվելուց հետո Հայաստանը էլ չպետք է մասնակցի բանակցությունների այնքան ժամանակ, քանի դեռ միջնորդներն իրական քայլեր չեն ձեռնարկել՝ պարտադրելու Ադրբեջանին իր իսկ ստանձնած պարտականությունները կատարել, թե չէ ձեռառնոցի ոնց որ լինի․ Ադրբեջանն ինչ ուզի, անում է, ինչ ուզի, չի անում, իսկ դիվանագիտական էթիկետն ու բարի կամքի դրսևորումները մեզ վրա են մնում։ Ու սա պետք է հայտարարվի պաշտոնապես՝ առնվազն ԱԳՆ մակարդակով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10213106258147165 ...

    Կարդալ ավելին
  • Սասուն Միքայելյանին ի՜նչ ասես ասող դեմքերից շատերը մեկ տարի առաջ էլ, հիմա էլ, փրփուրները բերաններին, անարգանքի սյունին էին գամում ցանկացած մեկի, ով մի թթու խոսք կասեր Պավլիկի ու Սեֆիլյանի մասին։ Ժեշտակուռ փաստարկը մեկն էր ու շարունակում է մնալ նույնը․ «Ի՞նչ էիր անում դու, երբ իրենք քո համար արյուն էին թափում։ Իրանք կռված տղերք են, բա դու ո՞վ ես»։ Ըըըըը․․․ Զուտ մեր մեջ, սիրելի՛ հարգելիներ, Սասունն էլ էր արյուն թափել ու կռվել, իսկ 2008-ին, երբ Պավլիկը Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ու մահակներով ցրում էր Ապարանում Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, Սասուն Միքայելյանը ՀՀԿ-ից դուրս եկավ ու միացավ ցուցարարներին, բայց իրեն ինդուլգենցիայի կարծես չեք արժանացնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10212257612971566 ...

    Կարդալ ավելին
  • Սվիտալսկու հայտարարությունն ինքնին հանդգնություն է, բայց տարակուսանք է առաջացնում որոշ քաղաքական գործիչների կողմից այդ հայտարարության արդարացումը ու քաղհասարակության որոշ շերտերի ոգևորվածությունը։ Սիրելի՛ հարգելիներ, դուք հասկանո՞ւմ եք, որ Սվիտալսկու հայտարարությունը ավելի անշնորհք քայլ էր՝ սուվերենության անձեռնմխելիության տեսանկյունից, քան ասենք նույն Կիսելյովի բրնձածները՝ ռուսերենի մասին։ Երիցս կրկնեմ՝ Սվիտալսկին ղալլաթ է արել՝ հայտարարելով, որ ԿԸՀ-ում այս կամ այն փոփոխությունները ՊԵՏՔ է արվեն։ Սվիտալսկին նույնքան ղալլաթ կաներ, եթե ԿԸՀ-ի չէ, այլ ասենք Աջափնյակի շրջանի կադաստրի բաժանմունքի վերաբերյալ նման բան աներ։ Այն պարզ պատճառով, որ այդ հարցերը մեր որոշելիքն են, ոչ թե ԵՄ-ի, Լեհաստանի ու առավել ևս՝ Սվիտալսկու։ Բայց սա դեռ մի կողմ․․․ Երեկ Վահրամ Բաղդասարյանը, այսօր Վարդան Փոստանջայնը ըստ էության ասում են հետևյալ միտքը․ «հա դե ի՞նչ է եղել որ, հիմա ասել-ասել է։ Համ էլ իրանք մեզ փող են տալիս, կարան նաև կարծիք հայտնեն»։ Ուրիշ ժամանակ, դոշերն են ծեծում՝ հավաստիացնելով, թե ինչ լավ բան է անկախությունը ու առհասարակ՝ ինչ անկախ ենք մենք։ Հարցադրումս միայն այս երկուսին չի վերաբերվում․ բա քանի՞ գրոշ արժի ձեր անկախությունը, եթե այսպես պատրաստակամ պատրաստ եք զիջել այն, ինչ է թե ԵՄ-ն գրանտերի հիմնական դոնոր է։ Բա եթե փող տվողները վաղն էլ ասեն, որ ասենք Արցախը պետք է վերադարձնել ադրբեջանին, էլի՞ կուռկուռի ձագի այս կեցվածքն եք ընդունելու։ Չէ՞ որ ԵՄ-ն ու Սվիտալսկու գործատուները փող են տալիս։ Ու առհասարակ՝ ԱԳՆ-ին էլ պետք է երևի հիշեցնենք, որ տարբեր դեսպանների գյամերը քաշելը իրենց գործառույթն է ու խիստ մտահոգիչ է, որ արդեն 24 ժամ է ծպտուն չեն հանում այս առնչությամբ։ Հ․Գ․ Ֆեյսբուքում էլ լիբերալ-անկախական քամիներ անողների լռությունն էլ խիստ խորհրդանշական է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10211999940369912 ...

    Կարդալ ավելին
  • Վրաստանի իշխանությունների կողմից նման թողատվությունը անտեսել չի կարելի։ Եթե այսօր վրացական իշխանությունները, կամ ինչպես ադրբեջանական օգտատերերից մեկն էր շատ դիպուկ բնորոշել, SOCARtvelo-ն այն աստիճանի կախվածության մեջ է Ադրբեջանից, որ ի հեճուկս միջազգային իրավունքի ու ներքին օրենսդրության բոլոր նորմերին` թույլ է տալիս, որ իր երկրի տարածքում երկրորդ երկիրը մարդ առևանգի ու առանց անձնագրի սահմանն անցկացնի, ապա դա արդեն մենակ Վրաստանի ներքին հարցը չէ, ոչ էլ Վրաստանի ու Ադրբեջանի միջպետական հարաբերությունների խնդիր է։ Չէ՞ որ վաղը նույն հաջողությամբ ադրբեջանական բաշիբոզուկներին կարող են թույլ տալ նույն կերպով առևանգել հայերի։ Ընդ որում՝ ոչ միայն Վրաստանի քաղաքացիություն ունեցողներին։ Ելնելով այս նախադեպից՝ կարծում եմ, որ ճիշտ կլիներ ԱԳՆ-ի մակարդակով ինչ-որ քայլ անել։ Ասենք՝ դեսպանին հրավիրել պարզաբանումների համար ու երաշխիքներ տալու, որ երբեք ու ոչ մի պարագայում ՀՀ քաղաքացուն առանց անձնագիր չեն կարողանա անցկացնել Ադրբեջան կամ էլ երրորդ երկիր։ Հակառակ դեպքում Վրաստան այցելությունները պետք է համարվեն ոչ ցանկալի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10211852818891967 ...

    Կարդալ ավելին
  • Պատմության մեջ թերևս առաջին անգամ Մինսկի խումբը հանդես եկավ հասցեական հայտարարությամբ ու վերջին օրերին շփման գծում աճած լարվածության պատասխանատվությունը դրեց Ադրբեջանի վրա։ Ինչ խոսք, հայկական լսարանն արդեն կորցրել էր հույսը, որ նման բան հնարավոր է, բայց արի ու տես, որ եղավ։ Միջազգային քաղաքականությունում հրաշքներ չեն լինում։ Լինում են հաշվենկատ ու հետևողական գործողություններ կամ էլ իրավիճակային ֆորսմաժորներ՝ դրանցից բխող հետևանքներով։ Մեծ հավանականությամբ՝ այս «հրաշքի» դեպքում երկու գործոններն էլ ակտուալ են։ Մի կողմից՝ միջնորդների համբերությունը սկսել է հատել Ադրբեջանի անսանձ վարքից։ Նամանավանդ հարթ չեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները՝ կապված ադրբեջանական գլխավոր լոբբիստական ՀԿ-ներից մեկի փակման հետ, ինչպես նաև Ռուսաստանում սրբության սրբոց համարվող « Անմահ գնդի» երթի սադրանքների հետ։ Գումարած դրան՝ համանախագահող երկրները չափազանց շատ գլխացավանք ունեն հիմա, որպեսզի աչք փակեն Արցախում էսկալացիայի նոր շրջափուլի վրա, իսկ Սփայկ հակատանկային հրթիռի կիրառությունը այնպիսի լկտի սադրանք էր, որ կարող էր ու բերեց այդ լարվածության էքսպոնենտային աճի։ Ու հիմա, եթե Ադրբեջանին այս շառաչուն ապտակը չհասցվեր, երաշխավորված կլիներ լարվածության հետագա աճը։ Այնպես չէ, որ հիմա այն բացառվում է, բայց գոնե մեկ զսպող գործոն ավելացավ։ Մյուս կողմից՝ չի կարելի բացառել նաև հայկական կողմի դերակատարությունը, նամանավանդ կուլուարային ֆորմատով։ Ճիշտ է, ի տարբերություն շատ հեքիմ-վերլուծաբանների՝ ես չեմ կարող սուրճի բաժակ նայելով գուշակություններ անել, թե ինչ ազդակներ են փոխանցել ՀՀ իշխանություններն ու արտաքին գերատեսչությունը, բայց ուզում եմ հավատալ, որ նման իմպուլսներ, այնուամենայնիվ, եղել են, և այդ իմպուլսները՝ համեմված Ադրբեջանի դժգոհությամբ, բերել են այս հայտարարությանը։ Ամեն դեպքում ֆիքսենք օբյեկտիվ իրականությունը․ ՄԽ-ն առաջին անգամ գոնե փորձում է կատարել իր ֆունկցիոնալ գործառույթը։ Դա ո՛չ վատ է, ո՛չ էլ լավ։ Դա նորմալ է։ Հուսանք, որ սա եզակի դրսևորում չի լինի ու կկրի շարունակական բնույթ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10211738484353675 ...

    Կարդալ ավելին
  • Գիշերը շփման գծում շատ թեժ է եղել: Դատելով ադրբեջանական ֆորումներից, սահմանամերձ ադրբեջանական գյուղերից մարդիկ գիշերով փախել են: Իմ ունեցած տվյալներով մերոնք մենակ 120մմ ականանետով մոտ 50 հատ ական են արձակել ու ոչ միայն իրենց առաջնագծին: Կա տեղեկատվություն, որ ադրբեջանական մի քանի տուն է ավիրվել մեր հրետանու հարվածներից: Հիմա հարաբերականորեն հանգիստ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10211716983976179 ...

    Կարդալ ավելին
  • Պատմության մեջ հայտնի չէ որևէ նախադեպ, երբ պետությունը հաղթահարել է կոռուպցիայի ու թալանի փակ շղթան՝ առանց դրակոնյան օրենքների ու լուծումների։ Իսկ եթե մի բանի նախադեպ չկա շուրջ 5000 տարվա մարդկային քաղաքակրթությունում, ապա դա անհնար է։ Լիկ Վան Յուն, ով կապիտալիզմի ադեպտներից շատերի կուռքն է, անգամ յուր եղբորն ու մանկության ընկերոջն է դատել ու գնդակահարել, որպեսզի կոռուպցիայի ու թալանի դեմն առնի։ Սովետում ՆԷՊ-ից հետո մտցրին «За вредительство» հոդվածը, որը գրեթե նույքան ծանր հանցանք էր համարվում, ինչքան պետական դավաճանությունը։ Ու առհասարակ, վերցրեք ցանկացած հաջողակ երկիր, որտեղ կոռուպցիայի ու թալանի դեմ պայքարրը արդյունավետ է, ու կտեսնեք, որ առնվազն սկզբանական փուլում այդ ամենը կասեցվել է ամենախիստ օրենսդրական նորմերով, որոնցից շատերը գործում են մինչև հիմա։ Նույն ԱՄՆ-ում, որը դժվար է համարել ոչ կոռումպացված ու թալանից ապահովված երկիր, այդ արտոնություններից օգտվում են միայն ընտրյալները, բայց վայն եկել ու տարել է այն համարձակին, ով կփորձի անել դա՝ չհանդիսանալով այդ փակ ակումբի անդամ։ Ալ Կապոնեն էլ, ում ի վերջո բանտարկեցին ոչ թե տասնյակ սպանությունների, այլ սրբության սրբոցը խախտելու՝ հարկերից խուսափելու համար, թող լինի դրա վառ ապացույցը։ Իսկ Հայաստանում մենք ի՞նչ ունենք։ Մեզ մոտ անգամ ունեցվածքի մարդավարի բռնագանձում չեն անում բռնված թալանչիների նկատմամբ։ Առավելագույնը՝ մի քանի տարի ազատազրկում ու վնասի փոխհատուցում, որը, մեծ հաշվով, կարելի է չանել էլ։ Ու մենք ակնկալում ենք, որ նման օրենսդրությամբ մենք երբևէ կհաղթահարե՞նք թալանը։ Ի սեր Աստծո, մարդը եթե գիտի, որ այսինչ պաշտոնում թեկուզ մի քանի տարի մնալով կկարողանա թալանելով ու կաշառքներով մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոն դոլար կարողություն դիզել ու դրա դիմաց, վատագույն դեպքում, մի քանի տարի նստել, բա ի՞նչ կանի, որ չի թալանի ու կաշառք չի վերցնի։ Փոխարենը ողջ կյանքը ապահով կլինի։ Էլ չասեմ, որ նստողների քանակը նման հոդվածներով շատ մազալու թիվ է կազմում։ Այ, եթե իմանա, որ եթե բռնվեց, ապա ոչ միայն ինքը, այլև իր առաջին աստիճանի բոլոր հարազատները ունեցած-չունեցածները կորցնելու են, իսկ ազատազրկումն էլ մի 20 տարի է լինելու՝ առանց բողոքարկման իրավունքի (տեսեք, գյուլլելու տարբերակն էլ չեմ ասում, այլ սաղ-սաղ՝ 20 տարի), ու նման սանկցիայի տակով մի 200 հոգի անցնի, տեսեք, թե միանգամից որքանով կկրճատվեն մեզ մոտ այդ արատավոր երևույթների դրսևորումները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10211607246232804 ...

    Կարդալ ավելին
  • Պատիժը պետք է լինի անխուսափելի, բայց ռացիոնալ ու տրամաբանական։ Ինձ թվում է՝ Դավիթաշենի հայտնի ծառահատման պատմության շուրջ ծագած ողջ աժիոտաժը հենց այն պատճառով է, որ մեր երկրում կաղում է թե՛ պատժի անխուսափելիության հարցը, թե՛ կայացված պատիժների ռացիոնալությունն ու տրամաբանությունը։ Նույն օրինակի վրա փորձեմ բացատրել։ Դիցուք՝ ծառահատման մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն իրոք ցանկացել է պարզապես էտել կամ էլ պարզապես այդ պատճառաբանությունն է բերում, որպեսզի մեղմի վիճակը։ Արդյո՞ք դա որևէ նշանակություն ունի պատժի խստության տեսանկյունից։ Կարծում եմ, որ չունի, որովհետև եթե մի պահ մոռանանք Դավիթաշենի այդ 23 բարդիներն ու նայենք, թե ինչպես է ծառերն էտում քաղաքապետարանը, ապա այս տրամաբանությամբ ահագին մարդու է պետք ձերբակալել, որովհետև ոչ մի տարբերություն չկա Սամսոնյանի էտած կամ էլ էտելու պատճառաբանությամբ կտրված 23 բարդիների ու հարյուրավոր այն ծառերի միջև, որոնք ամեն տարի էտում են պաշտոնական մարմինները։ Նորություն չեմ ասի, չէ՞, երբ ասեմ, որ ամեն տարի Ֆեյսբուքում այս թեմայով բուռն քննարկումներ էին լինում, ու անգամ մեմեր էին արդեն շրջանառվում, որ Երևանում էտով զբաղվում են ԻՊ-ից ժամանած ջիհադիստներ։ Այդ դեպքում ինչո՞ւ է պատժվում Սամսոնյանը ու չի պատժվում «ջիհադիստներին» ուղարկող չինովնիկը։ Չէ՞ որ խոսքը գնում է ոչ թե ինքնագործունեության, այլ վանդալիզմի մասին։ Ինչպես տեսնում եք, ռացիոնալություն չկա Սամսոնյանին պատժելու որոշման մեջ։ Եթե ծառերի նկատմամբ նման վերաբերմունքը վանդալիզմ է, իսկ պատիժը՝ անխուսափելի, ապա, Սամսոնյանից բացի, պետք է բազմաթիվ այլ մարդկանց էլ ձերբակալեն։ Երկրորդ գործոնը, որ տարակուսանք է առաջացնում այս պատմության մեջ․․․ Ես ծառեր, իհարկե, շատ եմ սիրում, բայց արդյո՞ք սա այն թեման էր, որ պետք է հասներ նախագահի մակարդակի։ Լավ, դա էլ մի կողմ․ արդյո՞ք անպայման պետք էր ազատազրկել մարդուն՝ անկախ նրանից՝ նա անչափահաս երեխաների հայր է, թե ոչ։ Երբ մեր երկրում շատ ավելի լուրջ զանցանքներ ու հանցանքներ գործած մարդկանց խափանման միջոցը գրեթե նույն օրը փոխվում է չհեռանալու մասին ստորագրության (էհ, Լիսկա ջան, բարեկամներիդ ականջը կանչի ու այն էլ՝ մի քանի անգամ), ապա ինչպե՞ս կարող է հասարակությունը ադեկվատ վերաբերվել կոնկրետ այս դեպքին։ Ստացվում է ձու ու ձի գողացողի պատմությունը։ Սա չի նշանակում, որ եթե ձի գողացողին բան չեն անում, ապա ձու գողացողի ճակատն էլ պետք է պաչեն, բայց մի բան միանշանակ կարող եմ ասել․ այս կերպ չես կարող ստեղծել պատժի անխուսափելիության զգացում հայկական հանրության մոտ, ոչ էլ այդ պատժի արդարացվածության ու արդարացիության մասով որևէ դրական բանի կարելի է հասնել։ Մի խոսքով՝ այս ամենում միակ լավ բանն այն է, որ այդ մարդուն, այնուամենայնիվ, ազատ են արձակել (խափանման միջոցը փոխվել է)։ Մյուս լավ բանը կլինի այն, որ ինչպես պաշտոնական գերատեսչությունները, այնպես էլ հասարակ մահկանացուներս ճիշտ հետևություններ անենք այս ամենից՝ ադեկվատ արձագանքել գործված զանցանքին ու հանցանքին, քիչ զբաղվել ինքնագլուխ գործունեությամբ, որը պոտենցիալ իրավախախտում կարող է լինել ու, ինչո՞ւ ոչ, ծառերը էտելու հասկանալի ու ադեկվատ մեթոդաբանություն մշակել ու ներկայացնել հանրությանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10211551397836629 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլի 24-ին զոհ ունեցանք՝ դիպուկահարի կրակոցից։ Սակայն ավելի նյարդայնացնող է ֆեյսբուքյան որոշ արձագանքներին հետևելը։ Նամանավանդ Խորհրդարանական ընտրություններում պարտված որոշ ուժերի ներկայացուցիչների պատճառով։ Նյարդայնացնում է, որովհետև սպանված զինվորների գործոնը վեր է ածվում քաղաքական շահարկումների։ Օրինակ՝ մեզ դավաճան ու հող հանձնող եք ասում, բա դուք ի՞նչ եք, եթե ձեր պարադիգմայում զինվոր է զոհվում։ Կամ էլ թե չէ, ճիշտ չեք անում, սա պետք է կանխել, բայց դուք սխալ եք անում, սակայն մենք չենք ասի՝ ճիշտ ձևը որն է․․․ Նախորդ ընտրությունների ծրագրային տարբեր դրույթների չվերադառնանք․ առանց այն էլ երկու ամիս դրանց մասին խոսվել ու գրվել է։ Այս և այսօրինակ հռետորաբանության պարագայում կա միավորող մի տրամաբանական խոտան․ տպավորություն է, որ սահմանին զոհ ունենալ-չունենալը միայն Հայաստանից է կախված։ Դե Ադրբեջանն էլ հեչ, երկրորդական գործոն է։ Սիրելի հարգելինե՛ր, նույնիսկ ամենազարգացած, ամենազինված ու ամենալավ ոչ լետալ միջոցներով ապահովված բանակները ռազմաճակատային պայմաններում չեն կարողանում 100 տոկոսով երաշխավորել իրենց անձնակազմի անվտանգությունը։ Դա անգամ ԱՄՆ-ն չի կարողանում անել ու չի կարողանում անել անգամ Աֆղանստանի նման հետամնաց երկրում, որտեղ առերեսվում է հիմնականում պարզ հրազենով զինված պարտիզանների հետ։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե մեր բանակը, ի տարբերություն նույն ամերիկյանի, ստիպված է առերեսվել տեխնիկա-տեխնոլոգիական, թվային ու առնվազն ոչ լայնամասշտաբ մսաղացի փուլում ոչ պակաս մոտիվացված Ադրբեջանի ԶՈւ-ի հետ։ Այդ ինչպիսի՞ ինֆանտիլ տրամաբանությամբ եք Ադրբեջանում կայացրած նման լոկալ որոշումները պայմանավորում Հայաստանի արած կամ չարած որևէ քայլով։ Այ ախպե՛ր, ադրբեջանցի դիրքապահը խրամատում շատ չի նայելու մեր արածներին ու ասածներին, եթե իր օպտիկական նշանոցում հարմար բռնացնի մեր զինվորի ուրվագիծը։ Այդպիսի իրավիճակում գործողությունների հետագա ընթացքը որոշելու է ադրբեջանցի զինվորը ու մաքսիմում՝ նրա հրամանատարությունը, բայց ոչ մենք։ Հեքիաթ են պատմում կամ էլ, կամա թե ակամա, մոլորություններ են տարածում բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե այսօր կա որևէ իրական բաղադրատոմս, որը կբացառի զոհերը։ Դա չի լինելու, քանի դեռ Արցախյան հիմնախնդիրը այս կամ այն կերպ իր վերջնական լուծումը չի ստացել։ Ու որքան էլ դա տխուր լինի, նույնքան էլ անխուսափելի է, որ այս վիճակը պերմանենտ է։ Հող տաս, այլ բնագծերի վրա են դիպուկահարներով ու այլ միջոցներով մեր զինվորներին սպանելու, հող չտաս՝ այս։ Միջազգային հանրությանը գանգատվես, մեկ է, սպանելու են, չգանգատվես՝ նույնը։ Պատժիչ գործողություններ անես, սպանելու են, չանես, ավելի շատ են սպանելու։ Ու այսպես շարունակ․․․ Մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ մենք վաղուց ենք անցել անդառնալիության այն կետը, որից այն կողմ այլև անհնար է առանց ռադիկալ բեկման հասնել խաղաղության ու բացառել զոհերը։ Այնպես որ, համակերպվե՛ք այդ մտքի հետ, մի՛ տրվեք տարատեսակ շահարկումների ու առավել ևս, մի՛ դարձեք այդ շահարկումները ստեղծող ու տիրաժավորող։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10211522187266383 ...

    Կարդալ ավելին
  • Հուսով եմ՝ «Խոստում»-ից հետո էլ ոչ մի ֆիլմ չեն նկարի Ցեղասպանության մասին։ Այն էլ՝ Հոլիվուդի մակարդակով։ Գոնե մի քանի տասնամյակ։ Ինչքան կա, հերիք է, որպեսզի ևս մի 4-5 սերունդ ինքնանսեմացման հայեցի դոզաներ ստանա։ Փոխարենը լավ կլիներ, եթե ավելի շատ ֆիլմեր նկարվեին (նամանավանդ՝ Հոլիվուդում) Արցախյան պատերազմի մասին։ Ինչպես դրա 90-ականների փուլի, այնպես էլ 2014-ի ամռան ու 2016-ի ապրիլի մասին։ Մի տեսակ շատ ունենք ֆիլմեր, որտեղ գառան պես մորթում են մեզ, ու համարյա չունենք ֆիլմեր, որտեղ մենք ոչ թե հերոսաբար նահատակվում ենք, այլև հաղթում, իսկ դա, ի դեպ, էթնոհոգեբանություն ձևավորող լրջագույն գործոն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10211486837942672 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին