• Ալիկ Էրոյանց
  • Մոտ օրերս վրացական շուկայում վաճառքի կհանվեն ՌԴ նախագահ Վ. Պուտինի դիմանկարով թղթով փաթեթավորված կոնֆետներ: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հնարավոր է՝ արդեն հունվարի 20-ին քաղաքացիները վաճառակետերից կարողանան գնել նշված քաղցրավենիքը: Հետաքրքիր է՝ որքան է իրավիճակը փոխվել: Մի քանի տարի առաջ մարդիկ վախենում էին կամ խուսափում էին նույնիսկ արտասանել ռուսերեն, Ռուսաստան կամ նույն՝ Պուտին բառերը, իսկ նման կոնֆետների մասին խոսք էլ չէր կարող լինել: Նյութի աղբյուր՝ http://https://www.facebook.com/alik.eroyants/posts/1404983089624139 ...

    Կարդալ ավելին
  • Այն որ հայ-վրացական հարաբերությունները բավական բարձր մակարդակ ունեն անհերքելի փաստ է: Հատկապես վերջին տարիներին երկկողմ համագործակցության ակտիվ զարգացումն իր դրական ազդեցությունն է ունենում ոչ միայն Երևան-Թբիլիսի շփումների վրա, այլ նաև մեր տարածաշրջանում խաղաղ և կայուն իրավիճակի պահպանման համար: Մյուս կողմից գաղտնիք չէ, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի մյուս երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, իսկ Ադրբեջանն՝ ուղիղ ներդրումների ցուցանիշով առաջատարը, ինչպես նաև՝ էնէրգետիկ ռեսուրսների հիմնական մատակարարը: Բացի այդ, եռակողմ ձևաչափը, որը միավորում է Վրաստանին, Թուրքիային և Ադրբեջանին տարբեր ոլորտներում, լրացուցիչ խթան է երեք երկրների միջև համագործակցության խորացման տեսանկյունից: Եվ թվում է, որ վերոթվարկվածը պետք է որ կաշկանդվածություն առաջացներ Թբիլիսիի մոտ Երևանի հետ առավել բաց և սերտ հարաբերություններ զարգացնելու առումով, սակայն իրականությունն այսօր այլ է, և Հայաստանն ու Վրաստանը, ըստ էության, փորձում են հարաբերությունները տեղափոխել նոր հարթություն, նոր մակարդակ հաղորդելով դրանց: Խնդիրը կայանում է նրանում, որ Թբիլիսին քաջ գիտակցում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները որքան էլ որ ներկայում շահավետ են Վրաստանի համար, այնքան էլ վտանգավոր են հեռանկարային առումով, քանի որ, այն կախվածությունը այդ երկրներից, որ այսօր արդեն իսկ նկատելի է, շարունակական անտարբերության մատնելու դեպքում, անշուշտ, ապագայում լուրջ խնդիրներ կստեղծի Վրաստանի համար: Ուստի Վրաստանի համար շատ կարևոր է Հայաստանի հետ ունենալ առավել ջերմ հարաբերություններ և զարգացման նոր տեմպ հաղորդել դրանց: Նշված բովանդակությունը հստակ արտացոլվեց Ս. Սարգսյանի՝ օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում, երբ բարձրաստաիճան հանդիպումների ընթացքում իրապես պարզ և անկաշկանդ մթնոլորտում ընթացան քննարկումները, ինչպես երկկողմ համագործակցության շրջանակներին առնչվող հարցերի, այնպես էլ՝ տարածաշրջանում առկա մարտահրավերների շուրջ:  Տարեվերջյան այս այցը, որն ըստ էության, ամփոփիչ բնույթ էր կրում, հնարավորություն տվեց կողմերին վերաիմաստավորել անցած 25 տարիների ընթացքում՝ հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արձանագրած հաջողությունները և ավելին հասնելու սպասումով նախանշել հետագա անելիքները: Հետաքրքրական էր նաև այն փաստը, որ դեկտեմբերի 1-ին Հայաստան նախատեսված այցը հետաձգած վարչապետ Կվիրիկաշվիլին Ս. Սարգսյանի այցին ընդառաջ բավական ուշագրավ հայտարարություն հնչեցրեց՝ կապված Հայաստանի կողմից Վրաստանի տարածքով այլընտրանքային տրանսպորտային միջանցքներից օգտվելու հնարավորության հետ: Մի կողմից տվյալ հայտարարությունը դրական երանգ հաղորդեց հայ-վրացական հարաբերություններին, մյուս կողմից Վրաստանի իշխանությունները ևս մեկ անգամ փաստեցին իրենց կողմից որդեգրած արտաքին քաղաքական ուղղությանը հավատարիմ մնալու ձգտումը, որով փորձ է արվում հավասարակշռված հարաբերություններ զարգացնել բոլոր հարևանների հետ: Եվ փաստորեն, Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ շահագործվող ենթակառուցվածքներին զուգահեռ Վրաստանը ցուցադրում է իր շահագրգռվածությունը՝ կաված Հայաստանի՝ Վրաստանի տարածքով տրանզիտային ուղիներից օգտվելու համար ավելի հարմար և շահավետ պայմաններ ստեղծելու հետ: Մեկ այլ կարևոր հանգամանք. Հայաստանի նախագահի այցը հաջորդեց շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի և ԵՄ-ի միջև համապատասխան համաձայնագրի ստորագրմանը, ինչն իր հերթին դրական լիցք կարող է հաղորդել երկու երկրների միջև առկա շփումներին՝ դրանք ավելի պարզ և անկաշկանդ շփման դաշտ տեղափոխելու առումով: Նշված այցն իր կարևորությամբ և ազդեցիկությամբ առանձնացավ նաև այն վրաստանյան լրատվական դաշտում բավական ակտիվ լուսաբանման տեսանկյունից. վերջին օրերին ամենալուսաբանվող և ամենաքննարկվող թեման, թերևս, Հայաստանի նախագահի այցն է եղել: Եթե մեկ նախադասությամբ գնահատելու լինենք Ս. Սարգսյանի Վրաստան կատարած այցը, կարող ենք արձանագրել, որ այն հնարավորություն կտա հայ-վրացական հարաբերություններն ավելի դրական հարթություն տեղափոխելու, և իր խթանիչ ազդեցությունը կբերի առաջիկա տարիներին երկկողմ համագործակցության ուղղությամբ լուրջ տնտեսական և քաղաքական բովանդակության արդյունքներ ամրագրելու գործին՝ դրանով իսկ խախտելով Հայաստանին տնտեսական շրջափակման մեջ առնելու թուրք-ադրբեջանական ձգտումները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/1386783044777477 ...

    Կարդալ ավելին
  • Այս օրերին Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում անցկացվում է «Վերածնունդ» անվամբ արցախցի 7 երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես: Տվյալ միջոցառումը խափանելու և ընդհանրապես չեղարկելու համար Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն իր վրդովմունքն էր արտահայտել՝ դիմելով պետական մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Վրաստանի ԱԳՆ-ին, որտեղից, հակառակ ադրբեջանցիների ակնկալիքի, պատասխանել էին, որ «նշված ցուցահանդեսը պետական կազմակերպությունների միջոցով չի կազմակերպվել, այլ անհատական ցուցահանդես է, իսկ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»: «Վերածունդ» խորագրով ցուցահանդեսը Թբիլիսիում կազմակերպվում է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի համագործակցությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/1360836494038799 ...

    Կարդալ ավելին
  • Առանց վիզայի եվրոպական երկրներ մեկնած 55 հազար Վրաստանի քաղաքացիներից 3 հազար հոգի հետ չի վերադարձել 90-օրյա ժամկետում Ս.թ. մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան մեկնելու ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի: Վերջին տվյալներով՝ մինչ օրս նշված հնարավորությունից օգտվել են Վրաստանի շուրջ 55 հազար քաղաքացիներ (այդ թվաքանակի մեջ չի մտնում ցամաքային կամ ծովային ճանապարհով նշված երկրներ մուտք գործած քաղաքացիների թիվը), որոնցից շուրջ 3 հազարը չեն վերադարձել Վրաստան, նույնիսկ սահմանված 90-օրյա ժամկետը լրանալուց հետո: Դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ վերջինները խախտել են ԵՄ տարածքում գտնվելու ժամկետը, քանի որ, հնարավոր է՝ այս կամ այն պատճառով նրանց հնարավորություն է տրվել տեղում որոշակի ժամանակով շարունակել կեցությունը, կամ նրանց մի մասն այլ երկիր է մուտք գործել և դեռ շրջագայում է: Այդուհանդերձ, վերոնշյալ իրողությունը հետագայում ևս պահպանվելու պարագայում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Վրաստանի համար, և ազատ վիզային ռեժիմը կարող է և դադարեցվել: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ նշված ժամականահատվածում Վրաստանի շուրջ 160 քաղաքացիների թույլ չի տրվել մուտք գործել ԵՄ տարածք: Ընդ որում՝ Վրաստանի սահմանային անցակետում զգուշացվելուց հետո ուղևորները շարունակել են ուղևորությունը, սակայն օտարերկրյա սահմանապահների կողմից հետ են ուղարկվել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/1255307531258363 ...

    Կարդալ ավելին
  • Վրաստանի այսօրվանից ուժի մեջ է մտնում «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի փոփոխված տարբերակը, ըստ որի՝ համապատասխան վարչական խախտման դիմաց վարորդական վկայականի համար սահմանված 100 միավորից կհանվեն համապատասխան քանակի միավորներ: Նշված դեպքերը կգործեն մոտ 50 խախտման դեպքում. օրինակ՝ ոգելից խմիչք օգտագործած վարորդի վարորդական վկայականի 100 միավորից կպակասեցվի 30 միավոր, իսկ թմրանյութի ազդեցությամբ մեքենա վարելու պարագայում՝ 40 միավոր,  մեխանիկական փոխանցման տուփով մեքենա վարելիս հեռախոսից օգտվելը վարորդին կզրկի ևս 15 միավորից, իսկ առանց վարորդական կամ մեքենայի տեխնիկական վկայականի առկայության մեքենա վարելու դեպքում սահմանվում է 5 միավորի հանում, մգեցված ապակիների առկայության պարագայում ևս՝ 5 միավոր, այլ կամ առանց պետ.համարանիշի մեքենա վարելու դեպքում սահմանվում է 10 միավոր: Այդպիսով այն վարորդները որոնք երթևեկության կանոնները կխախտեն 100 միավորի չափով, կզրկվեն վարորդական իրավունքից, և ստիպված կլինեն նորից քննություններ հանձնել և համապատասխան վճարներ վճարել նորը ստանալու համար: Վերոնշյալ փոփոխությունը չի վերաբերի տեսահսկման սարքերով հայտնաբերված խախտումների դեպքերին, այլ՝ միայն ճանապարհային ոստիկանության աշխատակցի՝ պատրուլի կողմից արձանագրված խախտումներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/1234918733297243 ...

    Կարդալ ավելին
  • Նախորդ ամիս Թբիլիսիում տեղի ունեցած ադրբեջանցի լրագրող Ա.Մուխթարլիի առևանգման դեպքը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել թե՛ վրացական և թե՛ ադրբեջանական իշխանություններին: Չնայած դրան՝ վերջինների պարագայում ստեղծված իրավիճակում որոշակի շահի առկայություն ամեն դեպքում գոյություն ունի՝ իրենց համար անցանկալի անձին սեփական ճաղերում պահելու գործոնով պայմանավորված: Վրաստանի պարագայում խնդիրն այլ է, քանի որ դեպքը տեղի է ունեցել այդ երկրի տարածքում, և դա, փաստորեն, հաստատվել է պաշտոնական Թբիլիսիի կողմից, հակառակ պարագայում ՆԳՆ-ն գործ չէր հարուցի անձի «ազատ տեղաշարժը սահմանափակելու» հոդվածով: Արդեն շուրջ երկու տարի Թբիլիսիում բնակվող Մուխթարլին, ով հետախուզման մեջ էր գտնվում ադրբեջանցի իրավապահների կողմից, չգիտես ինչու, Բաքվից հնչած պաշտոնական հայտարարությունների համաձայն, որոշել էր հետ վերադառնալ Ադրբեջան: Փաստն այն է, որ ներկայումս նշված լրագրողը գտնվում է ադրբեջանական բանտում, հարուցված է քրեական գործ սահմանն ապօրինի հատելու գործով: Ադրբեջանում և Վրաստանում կարծիքներ են հնչում, թե հիշյալ առևանգումը կազմակերպվել է վրացի և ադրբեջանցի հատուկ ծառայությունների կողմից. այդ մասին են արտահայտվել ոչ միայն վրացի, այլ նաև ադրբեջանցի պատգամավորներ, այդ թվում նաև՝ իշխանական թևը ներկայացնող: Միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, եվրոպական որոշ կառույցներ Մուխթարլիի գործի հետ կապված քննադատություններ և կոչեր են հնչեցրել՝ Թբիլիսիին և Բաքվին ուղղված: Հատկապես վերոնշյալ հանգամանքը պետք է որ առավել անհանգստացնող լինի Վրաստանի իշխանությունների համար, քանի որ վերջին տարիներին եվրաինտեգրման գործընթացում գրանցած հաջողությունների ճանապարհին նման դեպքերը կարող են ավելորդ գլխացավանք դառնալ Վրաստանի համար՝ վնասելով վերջինիս թե՛ ներքին և թե՛ արտաքին իմիջին: Չի բացառվում նաև, որ հիշյալ գործի շուրջ զարգացող իրադարձություններն այնքան խճճվեն, որ ի վերջո առնվազն կարճատև, բայց շոշափելի լարվածություն առաջանա վրաց-ադրբեջանական հարաբերություններում, ինչն, անշուշտ, իր բացասական հետքը կթողնի երկկողմ շփումների դրական դինամիկայի խաթարման տեսանկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/1231767040279079 ...

    Կարդալ ավելին
  • Պարզվում է՝ ԵՄ կողմից ս.թ. մարտի 28-ից Վրաստանի համար մուտքի արտոնագրի վերացումից հետո արդեն ավելի քան 20000 Վրաստանի քաղաքացի օգտվել է նշված արտոնությունից: Սակայն ուշագրավ է, որ բավականին գայթակղիչ և դրական այդ փոփոխությանը զուգահեռ մեծացել է նաև վրացական բանկերից հատկապես եվրոպական երկրներ կատարված փոխանցումների գումարային ընդհանուր չափը: Մասնավորապես մայիս ամսվա տվյալներով ավելի քան 43 մլն դոլար է ՛՛դուրս եկել Վրաստանից՛՛, ինչը ռեկորդային ցուցանիշ է անցած տարիների համեմատությամբ: Վրաստանի ԿԲ նշված տվյալներով նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ այդ ցուցանիշներն ավելացել են շուրջ 50%-ով: Ի դեպ, վրաստանցի այցելուները հիմնականում նախընտրել են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/1228268393962277 ...

    Կարդալ ավելին
  • Պարզվում է՝ ժնևյան քննարկումների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով Հարավային Օսիա ժամանած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերգը, ըստ Վրաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման, ցուցաբերել է, մեղմ ասած, «անհասկանալի և անընդունելի վարք»: Թբիլիսիի վրդովմունքի պատճառն այն է, որ Զալբերգը նշված այցի ժամանակ շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահ Ա. Բիբիլովին՝ այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել են հարավօսական լրատվամիջոցները: Այդ կապակցությամբ Վրաստանում ԵՄ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու: Վրաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ կապի մեջ են ԵՄ ղեկավարության հետ, և ակնկալում են Բրյուսելի համապատասխան արձագանքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/1192410687548048 ...

    Կարդալ ավելին
  • ՌԴ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով իր քաղաքացիներին Վրաստան մեկնելուց առաջ հաշվի առնել հնարավոր ռիսկերը՝ կապված այնտեղ գործող օրենսդրության հետ, որի համաձայն վերջինները կարող են, նույնիսկ, հայտնվել բանտում, այն էլ՝ մինչև 5 տարի ժամկետով, կամ լավագույն դեպքում տուգանվել 3 հազար ԱՄՆ դոլարով: Վերոնշյալ հայտարարության համար հիմք է ծառայել վերջերս Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի՝ Թբիլիսի կատարած այցը, որից հետո Վրաստանի իշխանությունները նրա նկատմամբ գործադրել են «Օկուպացված տարածքների մասին օրենքը»՝ վերջինիս ընդգրկելով «սև ցուցակի մեջ»՝ նախկինում, առանց Վրաստանի իշխանություններին զգուշացնելու Աբխազիա և Հ.Օսիա այցելելու համար: Հիշյալ որոշումն առաջացրել է Մոսկվայի վրդովմունքը, ինչին հետևել է համապատասխան արձագանքը: Վրաստանում այդ հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել. հնչել են տարբեր կարծիքներ, հիմնականում՝ քննադատական՝ ուղղված Մոսկային: Ոմանք կարծում են, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը կնվազի, իսկ շատերը վստահություն են հայտնել, որ ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը բացասաբար չի անդրադառնա Ռուսաստանցի այցելուների մտադրությունների վրա: Նշված կարծիքն է արտահայտել նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակը, ում համոզմամբ՝ զբոսաշրջիկների հոսքը ավելանալու է: Հ.Գ. Ակնհայտ է մեկ բան, որ ժամանակ առ ժամանակ առկայծող ռուս-վրացական նմանատիպ «բախումները» ոչ մի լավ բան չեն խոստանում այդ երկրների կողմից տարվող երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացում ցանկալի արդյունքեր գրանցելու տեսանկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/1192312760891174 ...

    Կարդալ ավելին
  • Նախորդ տարվա աշնանը Վրաստանում կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը վերանվաճած «Վրացական երազանքը», ինչպես և սպասելի էր, նախաձեռնել է երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթաց: Նշված մեծամասնություն կազմելու «երանությունը» կայանում է նրանում, որ «Վրացական երազանք» կուսակցության մանդատների թվաքանակը վերջինի համար ապահովում է սահմանադրական մեծամասնություն, ինչը հենց նշանակում է, որ տվյալ քաղաքական ուժը խորհրդարանում քվեարկության միջոցով կարող է փոխել Վրաստանի սահմանադրությունը: Արդեն իսկ համապատասխան հանձնաժողովում ներկայացված նախագծում, քննարկվում են սահմանադրության՝ փոփոխության «ենթակա» կետերը: Թերևս ամենաառանցքային կետերից մեկը վերաբերում է երկրի նախագահի ընտրության հարցին: Ըստ այդմ՝ նոր ձևաչափին համապատասխան նախագահն ընտրվելու է Վրաստանի խորհրդարանի պատգամավորների, Աջարիայի և Աբխազիայի ներկայացուցչական մարմինների և տեղեկան ինքնակառավարման մարմինները ներկայացնող՝ թվով 300 հոգանոց պատվիրակների կողմից: Նախագահ կարող է ընտրվել առնվազն 15 տարի Վրաստանում մշտական բնակություն ունեցող, 40 տարեկան այդ երկրի քաղաքացի: Նախագահի լիազորությունները բավականին նվազեցվելու են: Փոխվելու է նաև ընտրակարգը, որն ամբողջությամբ համամասնական կդառնա, իսկ նախընտրական դաշինքներ չեն ձևավորվի: Պատգամավոր դառնալու թույլատրելի տարիքային շեմը 21-ից կբարձրացվի 25-ի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/1157619191027198 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին